Рубрика: Без рубрики

Մեղուներ

Bee Collecting Pollen 2004-08-14.jpg

Մեղուները վերնաընտանիքի թռչող միջատների խումբ են։ Սերտ կապված են կրետների և մրջյունների հետ։ Մեղուներին ուսումնասիրող գիտությունը կոչվում է մեղվագիտություն։ Գոյություն ունեն մեղուների մոտ 21 հազար տեսակ և 520 ցեղ։ Տարածված են բոլոր մայրցամաքներում, բացառությամբ Անտարկտիդան։ Մեղուները սնվում են նեկտարով և ծաղկեփոշով․ նեկտարը առաջին հերթին օգտագործում են որպես էներգիայի աղբյուր, իսկ ծաղկեփոշին՝ սպիտակուցներ և այլ սննդանյութեր արտադրելու համար։ Մեղուները համարվում են շատ խելացի միջատներ։

Մայր մեղու

Մայր մեղուն ընտանիքի միակ լիարժեք էգն է, որ ունի զարգացած սեռական օրգաններ։ Նրանից են ծագում փեթակի մյուս բոլոր մեղուները՝ աշխատավորները, բոռերն ու երիտասարդ մայրերը։ Մայր մեղուն մշտապես շրջապատված է աշխատավոր մեղուներով, որոնք հոգ են տանում նրա մասին, կերակրում, մաքրում նրա մարմինը, նախապատրաստում բջիջները ձվադրման համար և այլն։ Փեթակում մայր մեղվի ներկայությունը մեղուներին հայտնի է դառնում նրա հոտի միջոցով։ Մայրն արտադրում է հատուկ նյութ, այսպես կոչված՝ «մայրական նյութ», որի հոտը փոխանցվում է փեթակի բոլոր առանձնյակներին նրանց միջև առկա սննդի փոխանակման շնորհիվ։ Մայր մեղվի մահվան դեպքում «մայրական նյութ» այլևս չի արտադրվում, և նրա բացակայությունն արագ զգում է ամբողջ փեթակը։ Մայր մեղուն ունի մարմնի համեմատաբար մեծ չափեր՝ 18-25 մմ (աշխատավոր մեղուներինը՝ 12-15 մմ) և համեմատաբար կարճ թևեր (մարմնի երկարության համեմատությամբ)։ Նրա կնճիթիկն ավելի կարճ է (3,5 մմ), քան աշխատավոր մեղուներինը։ Նա նույնպես ունի խայթոց, սակայն դա օգտագործում է միայն այլ մայրերի հետ պայքարի ժամանակ։ Ամռանը մայր մեղուն կշռում է մոտ 0,25 գ, իսկ աշխատավոր մեղուների միջին քաշը կազմում է 0,1 գ։

Оставьте комментарий