Рубрика: Պատմություն

Համահայկական առաջին թագավորության անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը։ Ռուսա 2-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ։ Նոր արքա Սարդուրի 3-րդն ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք․ա․ 643 թվականին։ Սարդուրի 3-ից հետո իշխել է նրա որդի Սարդուրի 4-ը, որի գահակալման դեպքերի մասին մեզ գրևեթե ոչինչ հայտնի չէ։

Համեմատաբար լուսաբանված է Ռուսա 3-րդի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը։ Նրա թողած արձանագրությունները հայտնաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում։ Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը։

Վանի թագավորության թուլացմանն ու անկմանը նպաստեցին նաև հյուսիսից ասպատակող սկյութական ցեղերը։

Թե երբ և ինչպես է անկում ապրել Վանի թագավորությունը, ստույգ հայտնի չէ։ Վանի արքայատոհմից անցումը հաջորդ արքայատոհմին կատարվել է առանց լուրջ պատերազմական գործողությունների՝ հավանաբար պալատական հեղաշրջման ճանապարհով։ Դա տեղի է ունեցել մինչև Ք․ա․ 609 թվականը։

Ք․ա․ 7-րդ դարում Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան մասում ձևավորվել էր հայկական նոր մեծ իշխանապետություն՝ Հայկազունի Սկայորդու գլխավորությամբ։ Նրա որդի Պարույր Հայկազունին էլ Ք․ա․ 612 թ․ հռչակեց նոր թագավորություն։

Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ։ Ինչպես գիտենք, Ք․ա․ 3-2 հազարամյակներում Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ։ Դրանցից ոչ մեկը, սակայն, չէր ընդգրկում ամբողջ լեռնաշխարհի տարածքը։ Այլ կերպ ասած՝ դեռևս չկային համահայկական թագավորություններ։ Եվ այդ կարևոր խնդիրն իրականացրեց Վանի թագավորությունը՝ միավորելով ողջ լեռնաշխարհը միասնական թագավորության մեջ։ Հայ ժողովուրդը՝ որպես լիակատար ընդհանրություն, իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։

Advertisement

Ստեղծվեց հսկայական մշակութային ժառանգություն, որը հետագա դարերի ընթացքում շարունակեց զարգանալ։ Ի վերջո՝ Վանի թագավորության ժամանակ հիմնվեց համայն հայության ներկայիս մայրաքաղաքը՝ Էրեբունի-Երևանը։

Рубрика: Մայրենի 6դ

Ահմադը

Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում։

Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում։ Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր։

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։

Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ։

Ահմադը թուրքի անուն է, դրա համար էլ երբ մենք խոզի միս էինք ուտում, միշտ տանեցիք հանաք էին անում, ծաղրում, ծիծաղում էին Ահմադի վրա, թե՝ Ահմադը հայացավ, Ահմադը հայացավ․․․

Իհարկե, անունը լսողը կասեր թուրք է, բայց հենց ներս մտներ, տեսներ, թե Ահմադը ինչպես էր ժաժ գալի տանը, հերիք էր, իսկույն կիմանար, որ տան սիրելի տղան է։

Ում կամենում էր, տուն էր բերում, պատվում, ճամփու դնում։ Աղքատը ողորմություն ուզեր, թե հարևանը՝ հացփոխ, իր ձեռքով տաշտից վերցնում էր տալիս։ Տան աղջիկներին ու փոքրերին հրամայում էր, ծեծում էր, սիրում էր, ինչպես և մյուս քեռիներս։ Անասունների համար հոգին տալիս էր։ Մինը հիվանդանալիս գրեթե ինքն էլ հետն էր հիվանդանում, էնքան էր սիրում։ Ինքն էլ էնպես սիրելի էր ամենքին։ Ահմադը հիվանդանում էր թէ չէ՝ մեր ուրախությունն էլ հետը կտրում էր։ Ու ամբողջ օրը տատս ու պապս չորս կողմը պտտվում էին, ինչ-որ լավ բան էին գտնում, շուրջն էին հավաքում, խնդրում էին, թե ուրիշ ինչ կուզի սիրտը։Բ

Մի առավոտ էլ վեր կացա, տեսնեմ՝ բոլոր տանեցիք տխուր են։ Իմ տատը արտասվելով քթքթում էր, ման էր գալի անկյուններում, ու ինքը չէր իմանում, թե ինչ էր անում։

Հարսներն ու աղջիկները լուռ, տխուր ներսուդուրս էին անում։ Վրանի դռան կողքին նստած խոսում էր իմ պապը, իսկ մի քիչ հեռու գլխիկոր նստած էին քեռիներս։

― Աստված լինի քու օգնականը, բալա ջան,― խոսում էր պապս։― Չոր քարին գնալիս՝ չոր քարն էլ կանաչի քեզ համար։ Պակաս օրդ խնդությունով անց կենա․․․ Դե, վեր կաց, օրն անց է կենում, ճամփեդ երկար է։ Վեր կաց, բալա ջան։

Ահմադը չուխի փեշով աչքերը սրբեց, վեր կացավ, եկավ մոտեցավ իմ պապին։ Պապս գրկեց, համբուրեց Ահմադին, ու աչքերը լցվեցին արտասուքով։

― Քո աշխատանքը մեզ հալալ արա, Ահմադ ջան, մեր աղ ու հացն էլ քեզ հալալ լինի, քո մոր կաթնի պես։ Մեզ մտիցդ գցես ոչ։ Թե աջողություն ունենաս՝ իմացրու, որ հարեհաս լինենք։ Դե, գնա, քեզ մատաղ, աստված բարի ճամփա տա։

Ապա թե տատս գրկեց, համբուրեց Ահմադին, հետո մնացածները լաց լինելով ձեռն առան։ Ապուշ կտրած փոքրերիս էլ Ահմադը համբուրեց և մի երկու կով, հորթ, գոմեշ, ձագ, մի կտրկան ոչխար, մի բարձած էշ առաջն արած, մի երկու շուն էլ ետը գցած, ճանապարհ ընկավ։

Մյուս քեռիներս ուղեկցում էին Ահմադին։― Աստված բարի ճամփա տա, Ահմադ ջան, գնաս բարով, բալա ջան,― ձեռքը ճակատին դրած՝ ետևից ձայն էր տալի պապս։Գ

Ահմադը անցավ սարի մյուս կողմը, մյուս քեռիներս վերադարձան։ «Բայց ինչու՞ էին լաց լինում մեր տանը, քեռի Ահմադը ո՞ւր գնաց»,― մտածում էի ես։

― Ահմադը ո՞ւր գնաց, նանի,― հարցրի իմ տատին։

― Իրենց տուն գնաց,― պատասխանեց տատս։

― Իրենց տունը ո՞րն է․․․․

― Ուրիշ տեղ է։

― Ահմադը ո՞վ էր որ․․․․

― Ահմադը թուրք էր, մեր ծառան էր։ Է՜, քանի տարի մեր տանն էր․․․ Հիմի իր իրավունքն առավ ու գնա՜ց․․․․

― Բա էլ չի՞ գալու։

― Չէ՜, բալա ջան, գնա՜ց․․․

Ո՞ր հատվածներից է երևում, որ Ահմադը ,,տան սիրելի տղան,, էր: 

Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում։